среда, 23 марта 2016 г.

Արկածային ճանապարհորդություն

Վայոց Ձորը մեզ ողջունեց հաճելի եղանակով և անվտանգ ճանապարհներով: Տաք եղանակն, ինչ խոսք, Մարիամի(ս) պատվերն էր: Մարզ ոտք դնելուն պես օրը խոստացավ հիանալի լինել։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի դիմաց մեզ դիմավորեց հենց ինքը՝ Էդուարդ Բագրատունին: Նվեր-գրքեր ունեինք Եղեգնաձորի ավագ-դպրոցի համար, հետևաբար այցելելու էինք նաև այնտեղ: Տնօրենը դիմավորեց մեզ մեծ սիրով, ջերմությամբ: Հետո նրան դիմեցի դպրոցում դասերից մեկը խանգարելու խնդրանքով: Չմերժեց: Մեզ տարան 11-րդ դասարան: Մենք` Սեբաստացիներս շարքով նստեցինք աշակերտների դիմաց: Քանի որ Ջուլին էր  «մոգոնել» դասարան այցելությունը, նա էլ պիտի սկսեր խոսել: Սկսելը միշտ էլ դժվար է: Մինչ ես մտածում էի, թե ինչպես սկսեմ, ինձ օգնության եկավ Էրիկը: Ներկայացրեց կրթահամալիրը: Ընթացքում ես էլ դարձա «ժիր  մանուկ» ու սկսեցի խոսել: Հետո Նելլին, Ալիսը:  Խոսեցինք այնքան, մինչև տանտերերն էլ խոսեցին, հարցեր տվեցին:  Կարող եմ փաստել, որ մեծ տպավորություն թողեցինք և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների վրա ՄԵՐ կրթահամալիրով: Տանտերերն էլ մեր կողմից հարգանքի արժանացան, քանի որ մեծ ուշադրությամբ և հավանաբար սիրով լսում էին մեզ, հաշվի չառնելով, որ իրենց դասերն արդեն ավարտվել էին…
Հաջորդ տպավորիչ կանգառը Սուրբ Զորաց վանքն էր: Վանք, որը հատուկ կառուցվել էր զորքի համար և միայն խորան ուներ: Բարձր ժայռի վրայից բացվում էր հիանալի տեսարան: Պարոն Բագրատունին իր գերպրոֆեսիոնալ  ապարատով լուսանկարում էր բոլորիս: Աչքս առավ մի գեղեցիկ վայրի, որտեղ լուսանկարվելը վայրկյանների ընթացքում ուղղակի երազանք դարձավ: Գնում էի դեպի ժայռի այդ մասը, երբ քիչ էր մնում, որ շատ օրիգինալ ձևով զոհվեի: Շնորհակալություն Էրիկին, որ այդ պահին պատահաբար անցնում էր այդ կողմով և բռնելով ձեռքերիցս՝ փրկեց կյանքս…
 16.20-ին  ուղևորվեցինք դեպի Նորավանք: Ահ ներշնչող աստիճաններով բարձրացա դեպի վանքի երկրորդ հարկի մուտքը: Շրջեցի ներսում ու երբ հերթը հասավ իջնելուն, ես հասկացա, որ չեմ կարող: «Ընկեր Հասմի~կ հասեք օգնության: Զանգեք 911, թող գան ու ինձ էստեղից իջեցնեն»: Էսպես էնքան ժամանակ, մինչև հասկացա, որ ԱԻՆ-ի փրկարարները հաստատ չեն գա ու ինձ էդտեղից չեն իջեցնի… Էհ Ջուլի ջան, քո հույսը դու ես, ինքդ իջիր: Ու իջա: Էսպես, էսպես ու էսպես… 
Երևանի ժամանակով ժամը 18.10 էր, և մենք շարժվեցինք դեպի Երևան: Լավ, բարի օր: Հրաշալի մարդիկ: Անմոռանալի հիշողություններ… Կյանքն այսպիսի հիանալի պահեր հազարից մեկ է պարգևում: Որպես Սեբաստացի սա իմ, եթե ոչ վերջին, ապա  հավանաբար նախավերջին ճամփորդությունն էր…Կկարոտեմ, կհիշեմ…
Հատուկ շնորհակալություն.
ընկեր Հասմիկին
վարորդ ընկեր Արամին
Էդուարդ Բագրատունուն
Ալիսային
Նելլիին
Մարիամին
Էրիկին
Աննային ու բոլորին…