вторник, 7 апреля 2015 г.

Ես ու իմը...

Ինձ պատում է անդիմադրելի ձգողական մի ուժ, որն զգում եմ ամեն անգամ գրադարանի կողքով անցնելիս: Այն ստիպում է թողնել ամեն ինչ ու ներս մտնել: Ներս մտնել շրջապատում ամեն ինչից կտրվելու ու հանգստանալու համար:
Գայթակղությանը դիմադրել չի հաջողվում: Ըստ երևույթին արևի շողերով ողողված անկյունում դրված իմ փոքրիկ սեղանն է ինձ գրավում: Փոքրիկ, որի հետ հիշողությունները սակայն այնքան մեծ են…
Բացում եմ դուռն ու հայտնվում լռության աշխարհում, որին լրացնելու է գալիս գրքերի անուշ բույրը: Ընթերցանությունն էլ ավելի հաճելի է դարձնում մթնոլորտը: Այստեղ ես ունեմ իմ գրքերը, ինձ հարազատ բառերն ու նախադասությունները:
Ես գրադարան եմ մտնում ուղղակի, առանց որևէ նպատակ հետապնդելու: Այդ պահին միակ նպատակս հասնել սեղանի մոտ ու նրան միայնակ գտնելն է:
Ներս եմ մտնում աթոռիս նստելու համար, ներսի պատուհանից դրսի տեսարանը դիտելու համար, գրապահարանների կողքով անցնելու ու գրքերի բույրը շնչելու համար, հետաքրքրասիրությունից դրդված, տարբեր գրքեր վերցնելու ու թերթելու համար:
Երբեմն ներս եմ մտնում ներսումս եղած բարձրահնչյուն բառերը տեղի լռությամբ լռեցնելու համար: Ներս եմ մտնում ուղղակի լռելու համար: Կողքիս երկու աթոռներին նստած ընկերներս զրուցում են, իսկ ես շարունակ լռում եմ:
Լռում եմ, որովհետև լռության ու գրքերի, ի՛մ գրադարանի մեջ եմ փնտրում հանգիստս…