«Մտացածին էակ. դա գաղափար է, իսկ գաղափարն անմահ է»: Ու էդպես դու դարձար իմ գաղափարը, իմ խառը մտքերի ամբողջությունը: Դու դարձար մեկը, ում ես սիրեցի: Դու պատկեր էիր իմ գլխում, ում ես ստեղծել էի միայն ինձ համար: Հետևաբար ես քո միակն էի: Ես ուղեղիս մեջ գծել էի սահմաններ, որոնց ներսում միայն երկուսս էինք, ու երբևէ չէի մտածում, որ մեզանից մեկը կցանկանա դուրս գալ այդտեղից: Ջերմություն կար այնտեղ, հույս, ու լիքը, անասելի շատ երազանքներ: Օրվա 90 տոկոսն անցկացնում էի քեզ հետ: Ամեն անգամ քեզ հետ «շփվելով», անպայման մի բան ինձ թերի էր թվում քո մեջ: Ես շտկում էի թերություններդ, ավելացնում առավելություններդ, ու այդպես այնքան ժամանակ, մինչև դարձար իդեալական: Դու կատարյալ էիր ինձ համար: Օրեցօր ես ավելի էր կապնվում քեզ հետ: Գնալով դու էլ ավելի էիր իմը դառնում: Ես արդեն օրվա 98 տոկոսն էի աչքերս փակ անցկացնում, որ քեզ հետ լինեմ…
Սովորականի պես ես եկա քեզ մոտ: Երբևէ առիթ չէր եղել քեզ փնտրելու, բայց այդ օրը ստիպված էի, որովհետև դու չկաիր: Սկզբում ես զարմանք ապրեցի, հետո՝ խուճապ, իսկ հետո՝ հուսահատություն: Ես քեզ չգտա, բայց գտա, ոտնահետքեր, որոնք հատել էին սահմանագիծը ու կորել անհայտի մեջ… Հիմա եմ հասկանում, թե ինչու էիր քո թերությամբ միշտ աչքի ընկնում, իսկ այն «կատարելությունը», որում համոզված էի, ուղղակի նկար էր,որը պահել էիր դեմքիդ առաջ: Իրականում կատարյալը ե՛ս եմ, ե՛ս: Ես սկիզբ դրեցի քեզ, ու դու դարձար ճառագայթ: Հա՛, հա՛, ճառագայթ, հենց մաթեմատիկական իմաստով: Ու թեև դու հիմա ինձ հետ չես, միևնույնն է, ե՛ս եմ քո անմահությունը, ե՛ս եմ քո միակը: Ես կա՛մ, իսկ դու՞, դու մի անտեսանելի ու անշոշափելի երևույթ ես, որին սակայն շոշափել ու տեսնել կարողանում եմ միայն ե՛ս, հետևաբար առանց ինձ դու ՈՉԻՆՉ ես...
Комментариев нет:
Отправить комментарий